Ապրիլի 2-ի՝ ժամը 12:45-ից 13:15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարբեր ընտրատեղամասերում գրանցվել է մոտ 75 ընտրախախտում, հայտնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պաշտոնական կայքը:
Արձանագրված խախտումները հիմնականում կապված են քվեարկության գաղտնիության, ընտրողների ուղղորդման, անձի ինքնության հաստատման կամ գրանցման հետ կապված խնդիրների, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, մարդկանց և մեքենաների կուտակումների, ընտրողներին օգնելու կարգի խախտման, վստահված անձի կամ այցելուի իրավունքների ու կողմնակի անձանց ներկայության հետ:
Արձանագրվել են նաև բռնության և ճնշման դեպքեր:
Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:
Ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկել է 344 714 քաղաքացի կամ ընտրողների 13,32%-ը: