Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ապրիլի 9-ին մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման դեպքին:
«Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է: Բոլորիդ է հայտնի ապօրինի ծառահատումների հետ կապված իմ դիրքորոշումը. ցանկացած նման դեպք պետք է օրենքով սահմանված կարգով պատժվի: Իսկ ա՛յս դեպքում ծառահատում իրականացնողները պետք է անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն օրենքով սահմանված ամենախիստ պատժին», - ընդգծել է քաղաքապետը:
Նրա խոսքով, վարչական տույժի կիրառումն այս դեպքում բավարար չէ, և օրենքն էլ թույլ է տալիս նման դեպքերում քրեական պատասխանատվության ենթարկել օրինախախտներին:
«Ըստ այդմ հանձնարարում եմ աշխատակազմի բնապահպանության վարչությանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին Երևան քաղաքի ոստիկանութան հետ համագործակցված հայտնաբերել մեղավորներին և նյութերը փոխանցել Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:
Բոլորը պետք է իմանան, որ ցանկացած ապօրինի ծառահատում մեր կողմից երբեք չի արդարացվելու», - ասել է Մարգարյանը:
Ավելի վաղ, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Դավթաշենում 20-ից ավելի ծառերի հատման թեմային. նա նշել է, որ ունեցածը ապօրինություն է։
«Կատարվել է ապօրինություն մասնավոր տնտեսվարողի կողմից։ Ծառերը հատվել են գիշերը։ Կկազմվի համապատասխան արձանագրություն, որն անձամբ իմ գրությամբ ուղարկելու եմ Դատախազություն», - գրել է նա: