Գոշ լճի տարածքում ապօրինի աշխատանքներ նախաձեռնողը վարչական պատասխանատվության ենթարկվի: Այս մասին նախարարությունում բնապահպանների հետ հերթական հանդիպմանը հայտարարել է Արծվիկ Մինասյանը:
Հետքն ապրիլի 11-ին տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի Գոշ լճի տարածքում իրականացվում է ապօրինի հողային աշխատանքներ: Հայտնի է դարձել, որ «Վենդոռ» ընկերությունը «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել, հարթեցնում ու լայնացրել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել ու կուտակել ափի երկայնքով։ Հրապարակումն ուղեկցվում էր լուսանկարներով և տեսանյութով:
«Գործողություններն այս պահին դադարեցվել են: Որևէ գործողություն այնտեղ չի կարող դրսևորվել վարձակալի կողմից, քանի դեռ վերջինիս ծրագիրը օրենքով չի կազմվել և չի անցել բնապահպանական փորձաքննություն»,- տեղեկացրել է նախարարը, գրում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ նկատողություն է հայտարարվել անտառապահին. «Նա առնվազն պետք է տեղեկացված լիներ և համարժեք գործողություն իրականացներ կամ զեկուցեր այդ մասին»:
Նրա հավաստմամբ՝ հետևելու են, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկվի նախաձեռնողը, որն առանց փորձաքննության իրականացրել է գործողություններ: Այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում:
Մինասյանը նաև տեղեկացրել է, որ Գոշ լճի ափին ձևավորված տիղմը կտեղափոխվի, տարածքը կմաքրվի: