ՄԲ ոստիկանությունը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, որն ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում:
«Կարող ենք հաստատել, որ Մանչեսթերի ահաբեկչության կասկածյալը 22-ամյա Սալման Աբեդին է», - հաղորդում է «Ռիա նովոստին»։
Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչը ռումբը բերել է ուսապարկի մեջ:
Միևնույն ժամանակ, միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Հիդալգոյին, հաղորդում են, որ Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը մայիսի լույս 24-ի գիշերը մարել են՝ ի հիշատակ Մանչեստերի մարզադաշտում ահաբեկչական հարձակման զոհերի:
«Հարձակվելով Մանչեստերի վրա՝ ահաբեկիչները ցանկացել են հարձակվել մեր ընդհանուր արժեքների վրա` հավատարմությանը ժողովրդավարությանը, ազատությանը, մարդասիրությանն ու համատեղ գոյակցությանը: Այդ սպառնալիքի հետ դեմ հանդիման՝ քաղաքները պետք է խոսեն մեկ ընդհանուր ձայնով», - ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, քաղաքապետը հավելել է, որ փարիզցիներըզգացել են նույն ողբերգությունը և մնում են զոհերի հարազատների կողքին:
Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 60-ը:
Կարդացեք նաև՝Պայթյուն վերջին ակորդի ժամանակ. Ինչ է հայտնի Մանչեսթերի ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ