Հայտնի հոլիվուդյան կինոաստղ Անջելինա Ջոլիի պրոդյուսերներից մեկը հետաքրքրվել է ոչ ավանդական բուժմամբ Վրաստանում:
Տեղեկությունն այդ մասին տարածել է վրացական արտադրության ընդհանուր բուժման համար նախատեսված «Կավթասի» դեղամիջոցը կիրառող ընկերության ֆիտոթերապևտ Լելա Գեջաձեն:
«Չեմ կարող ասել, թե որքան ուրախ եմ: Այսօր գրել են իմ պաշտոնական փոստին, որ հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին ուզում է բուժվել «Կավթասի» դեղամիջոցով: Նրանք ինչ-որ կերպ իմացել են այդ դեղամիջոցի մասին և այդ կոնկրետ մարդն ինձ ասել է, որ շուտով խորհրդակցություններ կսկսվեն այդ հարցի շուրջ: Դա շատ լավ նորություն է անձամբ ինձ և մեր երկրի համար»,-գրել է բժիշկն իր ֆեյսբուքյան էջում, հայտնում է Sputnik-Գրուզիան:
«Կավթասի»-ն դեղաբույսերից պատրաստված թուրմ է ֆիզիոլոգիական վիճակը բարելավելու համար, իմունոմոդուլյատոր: Այն խորհուրդ է տրվում օգտագործել իմունիտետի բարձրացման համար: Դեղամիջոցի համար օգտագործվող դեղաբույսերը հավաքում են էկոլոգիապես մաքուր տարածքներից: Համարվում է, որ դեղամիջոցը հատկապես արդյունավետ է թմրամոլությամբ, ինչպես նաև հեպատիտ B և C-ով տառապող մարդկանց համար: