25 օգոստոսի 2017 - 12:42 AMT
Հայ հրշերջները Բորժոմիում կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի վրա

ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառում: Ժամը 08:30-ի սահմաններում հրդեհի վայր է ուղևորվել 2 մարտական հաշվարկ:

Օգոստոսի 24-ին փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Ծաղվերի բնակավայրի վրա: Հրշեջները կարողացել են կասեցնել կրակի առաջխաղացումը և մեկուսացնել հրդեհի բոլոր օջախները: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:

Անտառի խորքում առկա են եղել հրդեհի բազմաթիվ օջախներ: Հայ հրշեջ-փրկարարներին այստեղ նույնպես հաջողվել է մեկուսացնել կրակի օջախները և անցնել մարման աշխատանքներին՝ անտառի խորքը հասնելու համար կիրառելով հրշեջ խողովակներից կազմված եռաճյուղ մայրուղային գիծ: