Առանց առերեսվելու Ցեղասպանության հետ, Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ընթացքում:
Նա հավելել է, որ Թուրքիայի Հանրապետությունը, դժբախտաբար, հիմնադրվեց առանց առերեսվելու Հայոց ցեղասպանությանը, հայտնում է Aysor.am-ը:
«Այն հայերը, որոնք մնացին Թուրքիայում, լռության դատապարտվեցին, սակայն Հրանտ Դինքի առաջնորդությամբ սկսեցին խոսել անցյալի պահանջների մասին», - ասել է Գարո Փայլանը՝ հավելելով, թե դրանից հետո թուրքահայերը ավելի շատ արտահայտվելու առիթ ունեցան:
«Թուրքիան հիմա վերադարձել է այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանում «ցեղասպանություն» բառի գործածումը հանցանք է համարվում։ Ինչպես հարյուր տարի առաջ Արևմուտքն աչքերը փակեց ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը փակում է մարդու իրավունքների խախտումների առաջ», - ասել է նա:
Գարո Փայլանն ընդգծել է, թե դժվար է ժողովրդավարության պայքարը, քանի որ, ըստ նրա, վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում ազգայնամոլությունն է հաստատվում:
«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբացի սահմանները Հայաստանի հետ», - ասել է Փայլանը՝ ավելացնելով, որ իրավունք չունենք ցեղասպանության հարցը դարձյալ սերունդներին փոխանցելու։
Երևանում աշխատանքն է շարունակում Հայաստան- Սփյուռք 6-րդ համաժողովը: