Հոկտեմբերի 16-ին Ժնևում տևական դադարից հետո կայացած ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի նշանակալի արդյունքն է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ելույթ ունենալով Վիեննայում նոյեմբերի 9-ին կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:
Նա հավելել է, որ համանախագահները հուսով են, որ մինչև տարեվերջ կայանալիք համանախագահների հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ արդյունավետ կլինի, գրում է Sputnik Արմենիան:
Լուկաշևիչը հայտարարել է նաև, որ կողմերը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը:
Լուկաշևիչը կարևորել է, որ գագաթնաժողովի արդյունքում կողմերը պայմանավորվել են խթանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: «Հուսով ենք, որ Ժնևի հանդիպման ժամանակ արձանագրված կառուցողական մթնոլորտը բանակցություններում կպահպանվի»,-ասել է Լուկաշևիչը:
Նա հավելել է, որ ՌԴ-ն, եռյակ համանախագահների հետ միասին, կշարունակի աջակցել կողմերին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բանակցային փոխադարձաբար ընդունելի հիմք մշակելու գործում:
Նիստին մասնակցել են Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆանո Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ):Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Նիստին ներկա են եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և բարձր մակարդակով պլանավորման խմբի գնդապետ Հանց Լամպալցերը: