15 հունվարի 2018 - 11:31 AMT
Սմարթֆոնները կարող են կտրուկ թանկանալ

Սմարթֆոնների, էլեկտրամոբիլների և համակարգիչների արտադրությունը կարող է վտանգվել: Պատճառը կոբալտի գների կտրուկ աճն է, որն օգտագործվում է մարտկոցների արտադրության մեջ:

2017-ին մետաղի արժեքը 1 տոննայի համար 33.200-ից հասել է 75.000-ի:

Մեկ սմարթֆոնի արտադրության ժամանակ օգտագործվում է 5-10գ կոբալտ, նոութբուքի՝ մոտ 30գ, էլեկտրամոբիլի մարտկոցի համար՝ 5-20կգ:

Ընդհանուր առմամբ աշխարհում կոբալտի հայտնաբերված 6 մլն տոննա պաշար կա: Կոնգոյում՝ 3,4 մլն տոննա, Ավստրալիայում՝ 1 մլն տոննա, Կուբայում՝ 500.000 տոննա, Ֆիլիպիններում՝ 290.000 տոննա, Կանադայում՝ 270.000, Զամբիայում՝ 270.00. ՌԴ-ում՝ 250.000 տոննա: Ըստ փորձագետների, եթե այսօր բոլոր ավտոմեքենաները փոխարինվեին էլեկտրամոբիլներով, կպահանջվեր 14 մլն տոննա կոբալտ, ինչը 2 անգամ ավելի է, քան հայտնի պաշարներն աշխարհում, հայտնում է RT-ն:

Վիճակը բարդանում է նրանով, որ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում անկայուն քաղաքական և տնտեսական վիճակ է: Իսկ կոբալտի արդյունահանման ոլորտում չեն պահպանվում անվտանգության կանոնները, շահագործվում է երեխաների աշխատանքը:

Ելքը մասնագետները տեսնում են կոբալտն այլ մետաղներով փոխարինելու մեջ: