Մարդու իրավունքների պատշաճ երաշխավորումն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդումը չեն կարող արդյունավետ լինել` առանց կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ունեցած իր ելույթում:
«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է գերակայություն հանդիսանա հասարակական և քաղաքական բոլոր շերտերում։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը նոր որակի գործիքակազմ է նախատեսել: Մասնավորապես, նախորդ տարվա կեսերին խորհրդարանը միաձայն ընդունեց մի քանի օրենքներ, որոնցով երկրում առաջին անգամ ստեղծվում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող կոռուպցիայի կանխարգելման մարմին։ Այն կսկսի գործել այս տարվանից, և դրա անդամները կընտրվեն խորհրդարանի կողմից»,-ասել է նախագահը, հայտոնւմ է նախագահի մամուլի ծառայությունը:
Նա հավելել է, որ նույն հակակոռուպցիոն փաթեթի շրջանակում ընդունվել է ազդարարման համակարգի և ազդարարների պաշտպանության օրենքը: «Մենք նաև քրեականացրել ենք ապօրինի հարստացումը: Մենք լրջորեն ենք տրամադրված և հանձնառու ենք շարունակելու մեր համակարգային և հետևողական ամենօրյա աշխատանքը կոռուպցիայի ախտն արմատախիլ անելու ուղղությամբ»,-ասել է նա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագիրը ԵԽԽՎ-ում մեկնարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ հանդիպմամբ:Այնուհետև Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Մինչ այդ, նախագահը ներկա է գտնվել ԵԽ մի շարք կոնվենցիաների ստորագրման արարողությանը: Փաստաթղթերը ստորագրել են ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ փաստաթղթերը գալիս են լրացնելու ԵԽ-ի շրջանակներում ՀՀ կողմից ստորագրած շուրջ ութ տասնյակ միջազգային պայմանագրերը: