26 հունվարի 2018 - 11:24 AMT
Հովհաննիսյան. ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների զեկույցից հանվել են հակահայկական դրույթները

ԵԽԽՎ-ն ընդունել է ադրբեջանական պատվիրակ Սևինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը, որից հաջողվել է հանել բոլոր հակահայկական դրույթները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

«Ամիսներ առաջ անդրադարձել էինք բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների: Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվել է բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում: Մասնավորապես՝ երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիևան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և իհարկե, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների օկուպացիայի մասին և այլն », -ասվում է գրառման մեջ:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը հավելել է նաև, որ զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ:

Ընթերցեք նաև. ԵԽԽՎ-ում Սարգսյանի ելույթի ժամանակ բողոքող ադրբեջանցին դահլիճից դուրս է բերվել