Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» վերջերս «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է՝ շատ ուրախ է, որ նոր ակումբում հարձակողական ֆուտբոլ է խաղալու: Այս մասին գրում է Fourfourtwo կայքը:
29-ամյա հայ ֆուտբոլիստն ասել է, որ գնահատում է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հարձակողական ոճի ֆուտբոլը, ինչն ակումբը գրավիչ է դարձնում: Աղբյուրը գրում է, որ սա ակնարկ է ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով պաշտպանողական ֆուտբոլային ոճ ունի:
«Իհարկե ղեկավարի կողմից հարգանք վայելելը շատ կարևոր է: Ես գիտեմ, որ նա (Վենգերը- խմբ.) շատ պահանջկոտ է և սիրում է, երբ իր խաղացողները ինքնադրսևորվում են: Սա այն պատճառներից է, ինչի համար ես միացել եմ ակումբին, քանի որ բոլորը գիտեն՝ նա հիանալի ղեկավար է», - ասել է Մխիթարյանը:
Հայ ֆուտբոլիստն ասել է նաև, որ շատ երկար ժամանակ է, ինչ ճանաչում է Վենգերին, և «Արսենալ» տեղափոխվելու որոշումը կայացնելը բարդ չէր:
«Կարծում եմ՝ ոճը, որով խաղում է «Արսենալը», շատ խաղացողների մոտ այս ակումբին միանալու և այստեղ հարձակվողական ֆուտբոլ խաղաղալու ցանկություն է առաջացնում»,- ասել է նա:
Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա: