Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել երևանյան մի շարք փաբերում և ակումբներում։ Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, գիշերն իրականացված այցերի մեջ որևէ արտառոց բան չի եղել։
«Ոստիկանությունը նախկինում էլ է նման գործողություններ իրականացրել։ Դրանք կապված էին համակեցության կանոնները չխախտելու` 23:00-ից հետո լռություն պահպանելու կարգի հետ»,- պարզաբանեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ օրվա ընթացքում կհրապարակեն հաղորդագրություն կատարվածի վերաբերյալ։
Երևանյան ակումբներից մեկի սեփականատերը մեզ հետ զրույցում պատմեց, որ գիշերը 5 ոստիկան է նրանց այցելել։
«Ասացին, որ մենք լռությունն ենք խախտում, ուզում էին ներս մտնել, բայց մենք չթողեցինք և ապացուցեցինք, որ չենք խախտում հասարակական կարգը, քանի որ չենք գտնվում բնակելի շինության տակ»,- պատմեց ակումբի սեփականատերը և ավելացրեց, որ այցի պատճառը որևէ մեկի բողոքը չէր:
Նրա խոսքով` ոստիկանները հրավիրեցին նրան երկուշաբթի այցելել իրենց` «շփվելու համար»: