ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, լրագրողների հետ հանդիպմանը, Մարտի 1-ի գործով Քոչարյանի կալանավորման որոշումը համարել է ապօրինի: Նա հայտարարել է, որ պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը:
«Մենք անպայման բողոքարկելու ենք մեղադրանքը և հարուցված քրեական գործերը»,- ասել է Սողոմոնյանը:
Քոչարյանի փաստաբանական խմբի փաստաբան Ռուբեն Սահակյանը մանրամասներ է ներկայացրել Քոչարյանի հարցաքննության գործընթացից և հարուցված քրեական գործի քննությունից:
«Ուսումնասիրեք՝ արդյոք բովանդակային առումով ՀՔԾ-ի հաղորդագրությունն ու առաջադրված մեղադրանքը նման են: Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 26-ին՝ նա հրավիրված էր որպես վկա, բայց հենց առաջին իսկ պահից որոշել են մեղադրանք առաջադրել և հարցաքննել որպես մեղադրյալ: Իմ պրակտիկայում նման դեպք եղել է, ինձ էլ են մեղադրանք առաջադրել՝ հետո կարճվել է գործը: Վստահ եմ, որ այս գործով ևս այդպես կլինի», - ասել է Սահակյանը՝ հավելելով, որ իր համար ելակետ է լինելու է ՀՔԾ-ի՝ հուլիսի 3-ի հաղորդագրությունը:
Նա նշել է, որ Քոչարյանը ցուցմունք չի տվել, թեև պատրաստվել էր դրան, քանի որ ՀՔԾ-ն որոշել էր միանգամից մեղադրանք առաջադրել:
«Անկեղծ ասած՝ կարծում էի, որ կկալանավորեն, չէի կասկածում: Նկատեցի, որ հարցաքննության սենյակում գտնվում էին մարդիկ, որոնք մեկից ավելին էին, նրանցից մեկը վերցրեց Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը, ընդամենը 17-18 տող և դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպեից վերադարձավ և բերեց որոշում՝ խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին»,- ասել է նա:
Փաստաբանը տեղեկացրել է, որ կալանքի միջնորդությունը բավարարելու դատական նիստի մասին ծանուցագիր ինքը ստացել է ժամը 21:35-ին որտեղ նշված է եղել, որ նիստը նշանակվել է 22:00-ին: Սահակյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին, սակայն, ծանուցագիր չի ուղարկվել։
Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը գտնում է, որ նրա դեմ հարուցված քրեական գործը բավարար մշակված չէ քննչական մարմինների կողմից:
«Մենք չենք կարողանում հասկանալ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ ապացույցների մեջ էլ ուղղակի ապացույց չկա: Մինչև վերջ ես չեմ կարողանում հասկանալ մեղադրանքը, ինչ-որ փաստեր են նկարագրված, որից հետո ասում է՝ 300.1 հոդված, որը վերաբերում է Սահմանադրական կարգը տապալելուն: Այն արարքը, որը կատարել է, մենք չենք կարողանում հասկանալ: Ես հանցագործության հանցակազմի էլեմենտը չեմ կարողանում հասկանալ, որպեսզի կարողանանք անձին պաշտպանել կամ չպաշտպանել»,- ասել է Օրբելյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։Քոչարյանը կալանավորված է 2 ամսով, հայտնել է 2-րդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:
Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։