9 օգոստոսի 2018 - 11:35 AMT
Անահիտ Թարխանյանը ևս կպայքարի Երևանի քաղաքապետի պաշտոնի համար

Երևանի քաղաքապետի պաշտոնին կհավակնի նաև ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Երևանի ավագանու ընտրություններում նրա թեկնածությունն առաջադրել են «Երևանի հանրություն» նախաձեռնությունը և «ԳԱԼԱ» կուսակցությանը:

Անահիտ Թարխանյանը քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի կինն է:

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»,- ասվում է Անահիտ Թարխանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը։ Պաշտոնին հավակնոսւմ են նաև Նաիրա Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և Զարուհի Փոստանջյանը «Երկիր Ծիրանի» կուսակցությունից։ՀՀՇ ցուցակը կգլխավորի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

Ավագանու ընտրությունների օրը դեռ որոշված չէ: