11 օգոստոսի 2018 - 15:26 AMT
Հաղարծինում $140.000-ի դրամաշնորհային ծրագիր կիրականացվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղարծին համայնքի 200 ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ համայնքում $140,000-ի դրամաշնորհային ծրագիր կիրականացվի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Այսօր չի կարող Հաղարծինն ապրել նույն կյանքով, ինչպես մեկ կամ երեք ամիս առաջ էր: Ամբողջ Տավուշի մարզը շատ դժվարություններ հաղթահարել է անտառը հատելու և վաճառելու շնորհիվ: Հիմա եկել են ժամանակներ ցույց տալու, որ անտառը չկտրելն ավելի մեծ շահույթ կարող է բերել, քան անտառը կտրելը: Ես նվեր եմ բերել Հաղարծին համայնքին, $140.000-ի դրամաշնորհային ծրագրի տեսքով»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ $2000-3000-ական կտրվեն այն բոլոր հաղարծնեցիներին, ովքեր ծրագրեր կներկայացնեն մարզպետարան։

Ըստ վարչապետի, այն բնակիչները, որոնք, առանց բնությանը վնաս պատճառելու, նոր գործունեություն կծավալեն՝ չորանոց բացել, անասնապահությամբ զբաղվել և այլն, կստանան աջակցություն: