«Հայաստանի հանրապետական կուսակցության» փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որպես վկա հարցաքննվել է Երևանի քննչական վարչությունում:
«Այս պահին գտնվում եմ Երևանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռևս որպես վկա։ Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի և այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։ Ինչպես նաև կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատև ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին և գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին: Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում», - գրել է Աշոտյանը:
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը ընթացք է տվել Աշոտյանի՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված մեղադրանքներին. գործն Արմեն Աշոտյանը որակել էր իրեն «սպառնալու և ճնշում գործադրելու ապարդյուն փորձ»։ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ Աշոտյանին կոչ անելով զերծ մնալ կառույցի հասցեին հերյուրանքներ տարածելուց:
«Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում՝ իրեն սպառնացած՝ ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում՝ նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում և հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»,- ասված էր ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Աշոտյանն առ այսօր չի հրապարակել իրեն ուղղված սպառնալիքի որևէ փաստ: