ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Լեռնային Ղարաբաղում «հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալու» հայտարարությանը:
Միրզոյանը Մամեդյարովին խորհուրդ է տվել այդ առաջարկը ներկայացնել Արցախի ժողովրդին:
«Պարոն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո, արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել», - ասել է նա:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասել է, որ պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել նրա կամքը:
«Փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը», - ասել է Նաղդալյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն հուսով է, որ 2019 թվականին Երևանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, և պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալ: