Բանտում Եղիազարյանի մահը քննադատության ալիք է բարձրացրել![]() 28 հունվարի 2019 - 13:39 AMT PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահը պատկան մարմինների հանդեպ քննադատության ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում: Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի: Դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության, մինչև 2019 թվականի հունվարի 17-ը՝ հացադուլի դադարեցնելու օրը (մինչև ստացիոնար բաժանմունք տեղափոխվելը), պահվել է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Եղիազարյանը, 2015 թվականի գարնանը աշխատելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում որպես մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ՓԲԸ-ում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՍՊ ընկերություններից մեկի տնօրենին կեղծ խոստում տալով՝ պահանջել և խաբեությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափի գումար, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով: Հարուցված քրեական գործի շրջանակում Մհեր Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել: «2018 թվականի հունվարի 17-ին Եղիազարյանը դադարեցրել է հացադուլը և պահվելով ՔԿՀ-ում՝ գտնվել է բուժմասի բժիշկների հսկողության տակ: Հացադուլից մոտ 10 օր հետո Մհեր Եղիազարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և ժամանած շտապ օգնության բժիշկների կողմից արձանագրվել է նրա մահը: Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախապատրաստվող նյութերով նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության շրջանակում պարզվել է, որ նրա մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից», - գրել է Հարությունյանը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը խմբակցության մեկ այլ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ երաշխավորագիր էր ներկայացրել Եղիազարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար, պարզաբանում էր պահանջել դեպքի առթիվ արդարադատության նախարարից և դատարանից: «Ինչու՞ չբավարարվեց իմ, որպես պատգամավորի, անմիջապես Մհերի կալանավորումից հետո ներկայացրած միջնորդությունը` փոխելու լրագրողի խափանման միջոցը: Եվ դեռ քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի», - գրել էր նա: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նույնպես անդրադարձել է Եղիազարյանի մահվան հանգամանքներին: «Թե որքա՞ն է եղել պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ գնահատեք ինքներդ՝ հացադուլ հայտարարելուց հետո Մհերի հետ աշխատանքներ են իրականացրել քրեակատարողական հիմնարկի ավագ բուժաշխատողը և սոցիալական/հոգեբանական աշխատանքների ստորաբաժանումը: Մասնագետների կողմից առաջին ընդունելությունը կատարվել է «Նուբարաշեն» տեղափոխվելուց 24 ժամը չլրացած՝ դեկտեմբերի 6-ին (Մհերը քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել դեկտեմբերի 5-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո)։ Հայտարարած հացադուլի դադարեցման և խնդիրն իրավական միջոցներով կարգավորելու նպատակով բաժնի աշխատակիցները կատարել են ամենօրյա ընդունելություններ, իրականացրել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ։ Դեկտեմբերի 6-ից հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հիմնարկի երկու հոգեբանի կողմից կատարվել է 35 ընդունելություն, իսկ իրավաբանի կողմից՝ 4։ Հունվարի 23-ին էլ կատարվել է ընդունելություն՝ հիմնարկի ստացիոնար մասնաշենքը սպասարկող խմբի ղեկավարի կողմից: Եղիազարյանը հացադուլ իրականացնելու ընթացքում ենթարկվել է բժշկական զննության՝ անհրաժեշտություն ծագելուն պես, բժշկական հսկողության ներքո գտնվել է՝ մշտական: Բժիշկը Մհերին ներկայացրել է սննդամթերքից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնողի առողջական վիճակի չվատթարացման նպատակով», - գրել է Զեյնալյանը: Նա հավելել է, որ միջազգային իրավունքի նորմերից բխում է, որ հացադուլ իրականացնող անձի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում՝ հացադուլը դադարեցնելու նպատակով: Քրեակատարողական հիմնարկի անձնակազմն, առանց խախտելու «ճնշման» սահմանը՝ ամենօրյա աշխատանք են տարել նրա հետ՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ: «Հունվարի 17-ին Մհերը դադարեցրել է հացադուլը և պահվելով ՔԿՀ-ում՝ գտնվել է բուժմասի բժիշկների հսկողության տակ: Մյուս մանրամասներն արդեն գիտեք, որ հացադուլից դուրս գալուց մոտասն օր հետո, Մհերի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և հրավիրված շտապ օգնության բժիշկների կողմից արձանագրվել է նրա մահը: Քննչական կոմիտեն էլ, տեղյակ եք, հրապարակեց դատաբժշկական փորձաքննության արդյունքը. մահը վրա էր հասել սրտամկանի ինֆարկտի պատճառով: Մի քանի հավելյալ տվյալ էլներկայացնեմ ՔԿՀ-ի կողմից Մհերին տրամադրված բուժօգնությունից․ հունվարի 18-ին զննվել է նյարդահոգեբույժի կողմից, 24-ին՝ Մհերի ինքնազգացողության վատթարացման պատճառով ժամը 17:25 կանչվել է շտապ օգնություն, 17:40-ին ժամանած բուժօգնության բրիգադը ժամը 18:45-ին վերջինիս տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իրականացվել է որովայնի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտություն. ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել։ Հունվարի 9-ին կրկին ինքնազգացողության վատթարացման պատճառով ժամը 16:40-ին կանչվել է շտապ օգնություն: 17:15 ժամանած բուժօգնության բրիգադըժամը 17:40-ին Մհերին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվել է սոնոգրաֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն, որովայնի օրգանների ռենտգեն հետազոտություն. պաթոլոգիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել։ Հունվարի 22-ին զննվել է թերապևտի կողմից, գանգատվել է ընդհանուր թուլությունից, առաջարկվել է շարունակել հսկողությունը հիմնարկի ստացիոնար պայմաններում։ Հունվարի 25-ին ևս մեկ անգամ զննվել է նյարդահոգեբույժի կողմից, ամեն ինչ եղել է նորմայի սահմաններում՝ գիտակցությունը եղել է պարզ, կողմնորոշումը՝ ճիշտ», - գրել է Զենալյանը: Հայտարարություն է տարածել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Մհեր Եղիազարյանին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են: ՄԻՊ իրավասության շրջանակում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բարձրացված խնդիրներ լուծման ուղղությամբ»,- տեղեկացրել է գրասենյակը: Եղիազարյանի որդին գրել է, որ ավել;ի վաղ դիմել էր պատգամավորներին անձնական երաշխավորություն տրամադրելու համար: «Դատարանի համար ավելի համոզիչ կլիներ, որ Եղիազարյանը չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից և առաջին իսկ կանչի դեպքում կներկայանա և չի խոչընդոտի նախաքնության ընթացքին։ Միգուցե հասկանալով, որ նրա մասնակցությամբ քրեական գործի մութ անկյուններում թաքնված է քաղաքական ենթատեքստ մտածեցիք, որ ավելի լավ է շառից փորձանքից հեռու լինենք, իսկ այսօր հրապարակային կոչեր եք անում ու պահանջում, որպեսզի բոլոր անտարբեր ու անգործություն դրսևորած անձիք պատասխանատվության ենթարկվեն։ Չփորձե՜ք հորս մահվան հանգամանքն օգտագործելով ինքնահաստատվեք կամ Ձեր վարկանիշը բարձրացնեք, բոլորիդ «սրտացավության« աստիճանը վաղուց արդեն տեսել ենք: Հարգելի Նաիրա Զոհրաբյան ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, Ձեր վերաբերմունքի (խոսքը միայն երաշխավորության մասին չէ), բարձրացրած հարցերի, ինչպես նաև Ձեր պատրաստակամության համար», - գրել է Եղիազարյանի որդին՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատագամավորների երաշխագրերին։ Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրել է, որ Եղիազարյանին սպանել է իշխանությունը: «Հացադուլի պահանջին ընդառաջ չեն գնացել։ Հայաստանում առաջին անգամ հացադուլի ընթացքում, սովելու արդյունքում մարդ է մահանում։ Եթե այլ դեպք եղել է, խնդրեմ, հիշացրեք։ 2017֊ին Արթուր Սարգսյանը՝ հաց բերողը հացադուլ հայտարարելու շնորհիվ ազատվեց կալանքից և դուրս եկավ հացադուլից, հետո, ազատվելուց հետո մահացավ՝ հացադուլի հետևնանքից։ Իսկ նոր իշխանությունները ավելի անսիրտ գտնվեցին նախնական կալանքից չազատեցին Մհեր Եղիազարյանին, մանավանդ հանգիստ կարող էին ազատել, նա ծանր հանցանքի մեջ չէր մեղադրվում», - գրել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |