Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ-ԵՄ շատ դինամիկ երկխոսություն է ընթանում:
Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի այցը շատ բարձր մակարդակով է անցել:
«Մենք պատրաստվում ենք շատ ինտենսիվ հանդիպումների և միջոցառումների: Դա ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ կառուցողական, մեծ է դինամիկան մեր հարաբերություներում»,- ասել է Սվիտալսկին:
Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ շուտով ենթահանձնաժողովների մակարդակով հանդիպումներ պետք է տեղի ունենան ինչպես Բրյուսելում, այնպես էլ Երևանում: «Պետք է ասեմ, որ մենք հասել ենք այն փուլին, որ շատ դինամիկ երկխոսություն է տեղի ունենում մեր միջև»,- ասաց նա:
Դեսպանն անդրադարձել է նաև 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Ինչպես հստակ արտացոլված է ԵՄ դիտորդների զեկույցում, մեր տեսակետները շատ հստակ էին, դրանք շատ բարձր մակարդակի վրա էին և բավարարում էին միջազգային չափանիշներին: Դրանք լավագույն ընտրություններն էին, որ տեղի են ունեցել անկախ Հայաստանում»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ն կարող է հպարտանալ, որ կարողացավ հասնել բարձր հուսալիություն ունեցող ընտրությունների: