Ամերիկացի փորձագետներն անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցին, հայտնել է «Ամերիկայի ձայնը»
American Foreign Policy Council հաստատության ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկի կարծիքով՝ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների խորացումը «չի բխում Երևանի շահերից, քանի որ վնասում է հայ-ամերիկյան հարաբերություններին»:
«Հայաստանի իշխանությունների փոխարեն ես չէի խորացնի հարաբերությունները Իրանի հետ: Ցանկալի է պահպանել ստատուս քվոն հարաբերություններում և չխորացնել դրանք: Ես հասկանում եմ, որ Հայաստանը զգալի չափով կախված է Իրանից, իրանական գազից, սակայն ցավում եմ, որ այն համաձայնվել է դառնալ տրանզիտային երկիր իրանական գազի համար այն ժամանակ, երբ Իրանի հանդեպ սահմանված են պատժամիջոցներ, և Իրանը ակնհայտորեն խախտում է ՄԱԿ-ի բանաձևը հրթիռների վերաբերյալ, ինչպես նաև փորձում է տարածել ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում: Դա վնասում է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը»,- նշել է Սթիվեն Բլանկը:
Մինչդեռ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը բնական է համարում հայ-իրանական հարաբերությունների զարգացումը և չի կարծում, որ դրանք որևէ կերպ սպառնում են Միացյալ Նահանգներին:
«Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ արևելյան և արևմտյան սահմանների շրջափակումը: Հայաստանին անհրաժեշտ է ելք դեպի հարավ և հյուսիս, ուստի անխուսափելի են Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ: Ես չեմ տեսնում այստեղ որևէ սպառնալիք Միացյալ Նահանգներին»,- ասել է դեսպան Էվանսը:
Նա փաստել է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումն անուղղակիորեն անդրադառնում է հայկական կողմի վրա, որպես կանոն՝ բացասաբար:
«Սեփական փորձից գիտեմ, որ այն ժամանակ, երբ Վաշինգտոնում պատժամիջոցներ են սահմանվում Իրանի դեմ, դրանք անուղղակի անդրադառնում են Հայաստանի վրա և վնասում երկրին: Կարծում եմ Հայաստանը չունի այլ ընտրություն: Այն պետք է հարաբերություններ ունենա իր հարավային հարևանի հետ սեփական շահերի և ամբողջ տարածաշրջանի կայունության համար»,- ասել է նախկին դեսպանը:
Ավելի վաղ Փաշինյանի պաշտոնական այցը Իրան ավարտվել է: