Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում ընթացող խաղաղապահների համաժողովում:
Տոնոյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը մտադիր է իր տարածքում խաղաղապահների վերապատրաստման միջազգային կենտրոն հիմնել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ՊՆ ղեկավարը նշել է, որ ՀՀ խաղաղապահները մասնակցում են խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: «Մեր գործընկերների, ԱՄՆ-ի հետ մենք զարգացնում ենք խաղաղապահների վերապատրաստման ազգային ծրագիրը, որը թույլ կտա մեր զինվորականներին պատշաճ վերապատրաստում անցնել»,-ասել է նա:
Անդրադառնալով Սիրիա առաքելություն ուղարկելու որոշմանը՝ Տոնոյանն ասել է որոշումն ընդունվել է ի պատասխան Սիրիայի և հայ համայնքի խնդրանքներին: Նա հավելել է, որ ՀՀ առաքելությունը բաղկացած է բժիշկներից և ականազերծողներից: