6 ապրիլի 2019 - 10:15 AMT
Փաշինյանի ազգականի դեմ քրգործը կեղծ փաստաթղթեր օգտագործելու հատկանիշով է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականին առնչվող քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Լրագրողի հարցին, թե ինչ հոդվածով է քրեական գործը հարուցվել, Վանեցյանը պատասխանել է. «Կեղծ փաստաթղթեր օգտագործելու հատկանիշներով»,-հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է, որ քրեական գործը հարուցվել է ապրիլի 4-ին։ «Շատ մանրամասներ չեմ կարող հայտնել»,-ասել է Վանեցյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտեի վարույթ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»: