3 սեպտեմբերի 2008 - 13:31 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու Թուրքիայի նախագահի հատուկ բանագնացը քննարկել են Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարելիք այցի մանրամասները
Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Քննարկվեցին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք խաղի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Երեւան այցի մանրամասները: Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանն ու դեսպան Չեւիքյոզը քննարկեցին նաեւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ ողջունել եւ ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության եւ համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը, եւ այդ նպատակի համար առաջարկվող Կովկասում կայունության եւ անվտանգության պլատֆորմի գաղափարը կարող է ողջունելի լինել:

Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը շարունակաբար հանդես է եկել տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարիդրացիական կապեր հաստատելու եւ Կովկասում տեւական հանմերաշխություն հաստատելու տեսանկյունից: Էդվարդ Նալբանդյանն ու Ունալ Չեւիքյոզը մտքեր փոխանակեցին նաեւ մի շարք միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ հարցերի շուրջ: