2 օգոստոսի 2019 - 17:44 AMT
Պայթյունի վայրից փախուստի դիմած մեքենան հայտնաբերվել է. Քրգործ է հարուցվել

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է օգոստոսի 2-ին Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին (Շշի Մելո) պատկանող մեքենան:

Ոստիկանության փոխանցմամբ, պայթյունի հետևանքով վնասված մեքենան առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով», - ասված է հաղորդագորության մեջ։

Ավելի վաղ Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104 –րդ հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) և 235 -րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: