Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է, որ միջազգային պարտավորությունների շրջանակում պետությունները պետք է աջակցեն խաղաղության և անվտանգության պահպանմանը, հայտնում է Aravot.am-ը:
«ԱՄՆ-ի թշնամական և միակողմանի մոտեցումները հանգեցրին Իրանի հանդեպ կոշտ պատժամիջոցների: Վերջին տարիներին ԱՄՆ-ն միակողմանի մոտեցումներ է ցուցաբերում՝ հաշվի չառնելով միջազգային պարտավորությունները և համաձայնագրերը, խախտելով երկկողմանի համաձայնագրերը: Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է հակազդի ԱՄՆ-ի այս թշնամական և միակողմանի մոտեցմանը՝ կայացնելով լուրջ որոշումներ և արդյունավետ գործողություններ»,-ասել է Իրանի նախագահը:
Հոկտեմբերի վերջից ուժի մեջ է մտնելու Իրան-ԵՏՄ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Դառնալով դրան՝ Ռուհանին նշել է, որ Իրանը պատրաստ է տրամադրել իր բոլոր հնարավորությունները՝ համաձայնագրի շրջանակում կյանքի կոչվելիք առևտրային գործառույթների համար. «Պատրաստ ենք ընդունել ԵՏՄ անդամ-երկրների ներդրողներին»: