Գյումրիում ընկերոջ կողմից ծեծվելով սպանված 43-ամյա կնոջ հուղարկավորությանը ներկա են եղել Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը, մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նազարյանը:
Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
«Այս դեպքը չէր լինի, եթե հարազատները, հարևանները, ուսուցիչները ժամանակին ահազանգեին և, իհարկե, եթե սոցիալական ծառայողները պատշաճ կատարեին իրենց գործառույթները։ Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն»,- նշել է Նազարյանը։
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է պատասխանատու լինել իր քաղաքացու համար։
Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝ կնոջ թաղմանը հարազատներից ոչ ոք ներկա չէր:
Թաղման արարողությունը կազմակերպել է Գյումրու քաղաքապետարանը: