Թորոսյան. Ընդհանուր մոտ 200 քաղաքացի է մեկուսացված, կարող են նոր հիվանդներ լինել

Թորոսյան. Ընդհանուր մոտ 200 քաղաքացի է մեկուսացված, կարող են նոր հիվանդներ լինել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում արդեն մոտ 200 մարդ է մեկուսացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանք մեկուսացվել են տարբեր եղանակներով՝ թե առանձին բնակավայրերով, թե շենքում ամբողջությամբ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը`նշելով, որ չի բացառում` մեկուսացված քաղաքացիների խմբից նոր դրական դեպքեր լինելու հավանականությունը:

«Տրամաբանությունը հետևյալն է՝ մեկուսացված անձինք պետք է պարտադիր սերտ շփված լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ: Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլոր շփվածներին և այդ աշխատանքները շարունակվում են: Հույս ունենք՝ մեկուսացվածների մոտ հիվանդությունը չի հաստատվի»,- ասել է Թորոսյանը:

Կորոնավիրուսի տարածման դեմ տարվող միջոցառումերի մասին խոսելով՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է քիչ շփվել այլ անձանց հետ, չհաճախել հանրային միջոցառումների: Դրանց անհնարինության դեպքում՝ պահպանել սոցիալական տարածությունը և խստորեն հետևել հիգիենայի կանոններին:

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 15 դեպք կա, վերջին երկու դեպքի մասին հայտարարվել էր մարտի 14-ին, դրանք կապված էին Էջմիածնում վարակված մեկ պացիենտի հետ:

Թորոսյանը դրական է համարել, որ երկու նոր վարակակիրը ևս նույն համաճարակային խմբից են՝ կապված Էջմիածնի նույն դեպքի հետ: Նախարարը չի բացառել, որ նույն դեպքի հետ կապված կարող են հաստատվել վարակի այլ դեպքեր ևս: Թորոսյանի խոսքով՝ համաճարակային նույն խմբից լինելը կանխատեսելի ու կառավարելի զարգացում է:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---