29 մարտի 2020 - 12:52 AMT
Ոստիկաններին հարվածած 48-ամյա քաղաքացին ձերբակալվել է

Երևանում մեքենայի վարորդը և ուղևորը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, 48-ամյա վարորդը ձերբակալվել է, հայտնում են ոստիկանությունից:

Մարտի 27-ին Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող Mitsubishi մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել փաստաթղթերը:

Ըստ ոստիկանության՝ վարորդն ու ուղևորն ակնհայտ ոգելից խմիչքի ազդեցության տակ են եղել, չեն ունեցել վարորդական վկայական և դրսևորել են ագրեսիվ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հնչեցրել հայհոյանքներ:

«Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։ Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք: Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5:25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին` հարցաքննության»,- հայտնում են ոստիկանությունից:

Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստիճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածներն ալկոհոլային հարբածության վիճակում են:

Ոստիկանությունից հաղորդում են, որ դեպքի առիթով կատարվում է նախաքննություն: