Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը` ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի Հայոց ցեղասպանության նահատակների բարեխոսական կարգ:
Նույն օրը` ժամը 12։00-ին կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին՝ համավարակի այս դժվարին պայմաններում, նվիրական այս օրը իրենց տներում աղոթակից լինել հոգևոր դասին և միաբան ու միասիրտ հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի առողջ ու անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար»,- ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միայն արարողակարգային միջոցառումներ կլինեն՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։ Ջահերով երթը չի անցկացվի ավանդական ձևաչափով։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին՝ ժամը 21։00-ից վառել և բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայերի պահանջատիրության։