Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի խոսք է ուղղել հեռուստահաղորդավար, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը։
«Ապրիլի 24-ին մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հիշում ենք ու չենք մոռանա երբեք»,- գրել է Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։