6 մայիսի 2020 - 12:09 AMT
Առաջնագծում 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք է տեղադրվել

Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք, Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջուր է ստացել 134 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորել է մոդուլային բաղնիք։

«Զինված ուժերն անցնում են նոր սննդակարգի: Ժամկետային զինծառայողների 74 տոկոսն արդեն սնվում է նոր սննդակարգով, մարտական դիրքերի 54 տոկոսը՝ նույնպես»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 8-ից ևս մեկ փուլ կմեկնարկի՝ նոր սննդակարգից օգտվող զինվորների թիվը կհասնի մոտ 90 տոկոսի:

Զինված ուժերում ներդրվել են արդիականացված ճաշարանային համալիրներ, վերազինված նոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով, որտեղ զինծառայողներին մատուցվում է սնունդ, այդ թվում՝ դաշտային պայմաններում և մարտական հերթապահության դիրքերում:

Ծրագրի նպատակն է ապահովել սննդի բազմազանություն, որակ և անհրաժեշտ կալորիականություն՝ պահպանելով ՀՀ կառավարության 2015-ի որոշմամբ սահմանված ՊՆ համակարգի զինծառայողների պարենային ապահովության կարգը և չափաքանակները։