Ազգային ժողովում հնչող խոսքն ու պահվածքն օրինակ են դառնում հասարակության համար, հայտարարել է Օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ անդրադառնալով խորհրդարանում միջադեպին։
«Կանոններ, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատուկ կարևորություն ունեն բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար:
Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող խոսք. դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, սադրում է բռնություն:
Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանց, ովքեր իրենց քաղաքական կամ այլ խոսքում պետք է լինեն զսպված և թույլ չտան ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Դա նույնությամբ վերաբերում է քաղաքական ելույթին կամ բանավեճին:
Ուզենք, թե՝ ոչ, խորհրդարանում հնչող խոսքն ու պահվածքն օրինակ են դառնում հասարակության համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Թաթոյանը հավելել է նաև, որ խորհրդարանում հատկապես պետք է պահպանել սեփական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել հասարակությունում համերաշխության ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:
Նա նշել է նաև, որ բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից, թե երբ և ում կողմից է դա արվում կամ ում է ուղղված։
«Ի վերջո, բոլորիս գլխավոր նպատակն է ի սպառ բացառել, վերջնականորեն արմատախիլ անել վիրավորանքն ու արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք», - նշել է Թաթոյանը։
Մայիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է եղել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը սպառնացել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանը նրան հորդորել է «շմայսություն» չանել։
Վեճը սկսվել է, երբ Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Սասուն Միքայելյանը: Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց, վեճին խառնվել են նաև մյուս պատգամավորները։