13 մայիսի 2020 - 18:24 AMT
Նախկին վարչապետերի երաշխավորագրերը չօգնեցին. Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունը մերժվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, փոխանցում է Aysor.am-ը։

Ավելի վաղ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել մայիսի 8-ին։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 19-ին՝ ժամը 13։00-ին։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու և կաշառք ստանալու մեջ։ Նրա պաշտպանները բազմիցս դիմել են դատարանին՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, բայց ապարդյուն։