Հունաստանի խորհրդարանի շենքի առջև, Աթենքի կենտրոնում անկարգություններ են տեղի ունեցել հանրահավաքների սահմանափակման մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Ոստիկանությունն արձագանքել է արցունքաբեր գազի կիրառմամբ, գրում է ՌԻԱ Նովոստին հունական հանրային ERT հեռուստաընկերության վրա հղումով։
Սինտագմա հրապարակի մոտ 150 հոգուց բաղկացած խումբը սկսել է պայթուցիկով շշեր, քարեր նետել իրավապահների ուղղությամբ։ Անկարգությունները տևել են մոտ 15 րոպե։
Քննարկվող օրինագծով, հավաքների կազմակերպիչները պարտավոր են ժամանակին իրազեկել իշխանություններին բաց տարածքում հանրային միջոցառման անցկացման մասին։ Հնարավոր է հավաքի արգելք «հանրային անվտանգության նկատառումներով» կամ եթե կա հավանականություն, որ դրա անցկացումն անհամաչափ կխախտի շրջանի սոցիալ-տնտեսական կյանքը։
Օրինագծով թույլատրվում է մի շարք դեպքերում ցրել հավաքը։ Սահմանափակումներ չեն նախատեսված մայիսի 1-ի և նոյեմբերի 17-ի հավաքների համար։
Նոյեմբերի 17-ին նշվում է 1973թ․ այդ օրը «սև գնդապետների» զորքերի կողմից ուսանողների ապստամբության ճնշման տարելիցը։
Ըստ կառավարության, հանրահավաքները խնդիրներ են ստեղծում քաղաքացիների համար, խանգարում են երթևեկությանը, առևտրին։ Ընդդիմությունը նշում է, որ ռազման խունտայի ժամանակներից ի վեր առաջին անգամ սահմանափակվում է հավաքների և հանրահավքների իրավունքը։