Գերմանիայում կրկին Covid-19-ով նոր դեպքերի օրական ամենամեծ աճն է գրանցվել։ Օգոստոսի 22-ի տվյալներով, ըստ Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի, կորոնավիրուսով վարակի 2034 նոր դեպք է գրանցվել։
Սա նոր վարակակիրների ամենամեծ աճն է ապրիլի վերջից ի վեր։ SARS-CoV-2-ի առավելագույն օրական աճը՝ ավելի քան 6000 դեպք, գրանցվել էր մարտի վերջին-ապրիլի սկզբին, գրում է Deustche Welle-ն։
Հատկապես շատ են դեպքերը երկրի արևմտյան և հարավային շրջաններում, ինչպես նաև Բեռլինում։
Կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի աճ է գրանցվում նաև եվրոպական այլ երկրներում, ինչը կապում են արձակուրդից վերադարձող անձանց և մեծ երեկույթների կազմակերպման հետ։ Այդ կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել կորոնավիրուսային սահմանափակումների մեղմմանը։
Համավարակի բռնկումից ի վեր Գերմանիայում կորոնավիրուսով վարակի 232,082 դեպք է գրանցվել, որից 206,600-ն ապաքինվել է։ Մահացել է 9267 մարդ։