26 օգոստոսի 2020 - 18:24 AMT
ՇՄՆ․ Գորշ արջի քոթոթի սպանության մասով գրություններ կուղարկվեն ոստիկանություն

Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ համապատասխան գրություններ կուղարկվեն ոստիկանություն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, նման հանձնարարական է տվել շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ տեսանյութ։

«Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակը»,- նշել է ՇՄ նախարարի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

Հայաստանի կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն քրեական օրենսգրքով` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 մլն դրամ վնասի վերականգնմամբ։