ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»,- ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր՝ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են (գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով-խմբ․) Մոսկվայի հրավիրած խորհրդակցություններին։
Հոկտեմբերի 9-ին՝ կեսգիշերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով, ինչպես նաև կողմերի արտգործնախարարներին հրավիրել ՌԴ՝ այդ հարցերով խորհրդակցությունների։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։