6 նոյեմբերի 2020 - 13:19 AMT
Նարիշկին․ ԼՂ-ում թուրքական հետախուզության աշխատանքը զգում ենք

Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություներում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «Ռոսիա Սեգոդնյա» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին հարցազրույցում։

«Թուրքական հետախուզական ծառայության աշխատանքը մենք զգում ենք, տեսնում ենք այդ աշխատանքի առանձին տարրերը»,- ասել է Նարիշկինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է նաև, որ երբ հայտարարում էր ԼՂ հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավման մասին, հստակ տեղեկություններ ուներ, ինչի հաստատումն է նաև հայկական կողմի ներկայացված տեսանյութը գերեվարված սիրիացի ահաբեկչի հարցաքննությունից։ Նարիշկինը նշել է, որ այդպիսի տեղեկություններ մինչ այդ էլ ստացվում էին տարբեր երկրներից և գործընկերներից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։