Ռուս ռազմական բժիշկներն Արցախում ընդհանուր առմամբ օգնություն են ցույց տվել Արցախի 368 հիվանդի, այդ թվում` 41 երեխայի, փոխանցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ մեկ օրում նրանք օգնել են 42 հիվանդի, այդ թվում՝ 7 երեխայի։
Նշվում է, որ տեղի բնակիչների գանգատները, որպես կանոն, կապված են քրոնիկ՝ սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների հետ։
Հատուկ նշանակության ռազմական բժշկական ջոկատի կազմում ընդգրկված է 60-ից ավելի բժիշկ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսական Հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինծառայողները Ստեփանակերտում դաշտային հիվանդանոց են հիմնել։ Այն կարող է տեղավորել մինչև 40 մարդ։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։