25 հունվարի 2021 - 12:47 AMT
Զարիֆը Բաքվում կքննարկի իրավիճակը ԼՂ-ում և տրանսպորտային միջանցքները

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Ադրբեջանում է՝ հունվարի 25-ին մեկնարկող բանակցություններում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղն ու տրանսպորտային միջանցքները:

«Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղում կայունության ապահովման, տարածքների վերականգնման հետ կապված հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունը, այդ թվում գործակցությունը «Հյուսիս-Հարավ» և «Հարավ-Արևմուտք» տրանսպորտային միջանցքների շրջանակում»,- ասել է Զարիֆը Բաքվի օդանավակայանում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ադրբեջանից հետո Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա։

Տարածաշրջանային այցի շրջանակում Զարիֆը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։