Ներքին Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը ֆեյսբուքյան իր էջում հերքել է սոցցանցերում շրջանառվող լուրերը, թե ադրբեջանական զորք է մտել գյուղ։
Նա նշել է, որ GPS-ով սահմանի ճշտման և հստակեցման «խաղաղ աշխատանքներ են իրականցվում»։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներքին Խնձորեսկ ադրբեջանական ոչ մի զորք չի մտել. մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով ու մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել: Ներքին Խնձորեսկցին երբեք խուճապի չի մատնվում, մի՛ չարչարվեք ու ձեր երևակայությանն այդքան նեղություն մի՛ տվեք:
Ներքին Խնձորեսկի բնակիչները, զինվորի և հրամանատարության հետ անմիջական և մշտական կապի մեջ լինելով, մինչ օրս իրականացնում են գիշերային հերթապահություն՝ զինվորի հետ մեկտեղ հսկելով սահմանը, որտեղ վերջին օրերս տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման խաղաղ աշխատանքներ, իհարկե, Գլոբալ տեղորոշման համակարգի՝ GPS-ի միջոցով»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ սոցցանցերում և որոշ լրատավմիջոցներով լուրերն էին տարածվել, թե ադրբեջանցի զինվորներ են մտել Ներքին Խնձորեսկ գյուղ։