Պայմանագրային զինծառայողների տարիքային առավելագույն շեմն առաջարկվում է 45-ից դարձնել 63, նախագիծն արժանացել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությանը։
Հանձնաժողովում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այն ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Նույն նախագծով ԼՀԿ-ն նաև առաջարկում է միջին մասնագիտական ծրագրով սովորող և պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին ևս 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն տալ շարունակելու և ավարտին հասցնելու ուսումը։ Օրենքի նախագծի լրամշակված տարբերակը դրական եզրակացություն է ստացել։
Գործող օրենքով տարկետման իրավունքը տրվում է հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորողներին, որը, ըստ հիմնական զեկուցող Աննա Կոստանյանի, խտրական վերաբերմունք է։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանում տարբեր մակարդակներով քննարկվում է բանակին առնչվող բարեփոխումների անհրաժեշտությունը։