ՀՀ ԱԳՆ ղեկավարը Փարիզում կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Բեռնար Քուշների հետ
Մարտի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում: Այցի ընթացքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեվիտի հետ: Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը եւ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն Փարիզի կենտրոնում կբացեն Երեւանի պուրակը:
Փարիզ այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Ֆրանսիայի Միջազգային դիվանագիտական ակադեմիայում: Նախատեսված է նախարար Նալբանդյանի ելույթը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ինչպես նաեւ հանդիպումներ Սենատի եւ Ազգային ժողովի Հայաստանի հետ բարեկամական խմբերի անդամների հետ:
Մարտի 12-ին նախարար Նալբանդյանը կայցելի Ֆրանստելեկոմ ընկերության կենտրոնակայան, ուր Ֆրանստելեկոմի նախագահ Դիդիե Լոմբարի ընկերակցությամբ պաշտոնական մեկնարկը կտրվի Orange-ի հեռուստատեսային ցանցում Հայաստանի Հանրային հեռուստատեսության ծրագրերի հեռարձակման, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: