Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ալյանսի» հետ դաշինքով։ Այդ հայտարարել է ինքը՝ Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով՝ համագործակցելու և միասնաբար հանդես գալու համար բանակցում են նաև մի քանի այլ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ։
Աբրահամյանը կոչ է արել տարբեր ուժերի համախմբվել ու միասին ճանապարհային քարտեզ գծել ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։ Կուսակցությունն իր ծրագրում կարևորում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը։
«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մեր գլխավոր գործընկերը, և մենք կզարգացնենք համագործակցությունը։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է նաև փոխշահավետ հարաբերություններ ունենանք տարբեր՝ մեծ ու փոքր երկրների հետ»,- նշել է նա։
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։