Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին ժամանել է Հայաստան՝ քննարկելու Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղու գործարկման հարցը, գրում է ParsToday-ը։
Հայաստան այցի շրջանակում Էսլամին հայ պաշտոնյաների հետ քննարկելու է Իրանից Հայաստան փոխադրումների տարանցման, երկու երկրի միջև երթևեկության և տրանզիտի դյուրացման, ենթակառուցվածքների ավելացման, ճանապարհային վճարների կրճատման, խոչընդոտների վերացման, հայկական ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու, տրանսպորտային և ճանապարհային երթուղիների վերականգնման հետ կապված հարցեր:
Նախատեսված են Էսլամիի հանդիպումները Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի, էկոնոմիկայի նախարար պաշտոնակատար Վահան Քերոբյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այցը նախատեսված է մայիսի 25-ին։
Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: