1 հուլիսի 2021 - 11:00 AMT
Լավրով․ ՌԴ-ն և Թուրքիան կաջակցեն ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կաջակցեն ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։

Լավրովն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին Շուշին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչ վերաբերում է Էրդողանի այցին Ադրբեջան (խոսքը Շուշիի մասին է՝ խմբ․), ապա դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում տեղի ունեցած այց է։ Մենք այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համակարծիք էինք, որ յուրաքանչյուրը կօգտագործի իր հնարավորությունները՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, պայմանների ստեղծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները, և ցանկացած այլ ազգությունների մարդիկ, կողք կողքի ապրեն այդ հողում որպես լավ հարևաններ»,- ասել է Լավրովը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո։

«Այդ դեպքում, մեր համոզմամբ, բոլոր հարցերը, այդ թվում՝ քաղաքական, շատ ավելի հեշտ կլինի լուծել»,-ասել է նա։