9 հուլիսի 2021 - 19:28 AMT
Լեզվի կոմիտե․ Պարեկային ծառայության մեքենաների վրայի տեղեկույթում գերակայում է օտար լեզուն

Լեզվի կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ հուլիսի 1-ից Երևանում ծառայության դուրս եկած պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։

Լեզվի կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։

Նշվում է, որ Լեզվի կոմիտեն բարձր է գնահատում պետական լեզվի նկատմամբ հանրության նախանձախնդրությունը, որը կոմիտեի ամենօրյա աշխատանքի՝ հայերենի գերակայությունն ապահովելու լրացուցիչ խթան է։

Լեզվի կոմիտեն հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, օրենքի և իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն։