Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ յուրաքանչյուր թեստի համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։ Այդ մասին ասվում է ԵՊՀ ֆեյսբուքյան էջում։
Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժպ Հովհաննես Հովհաննիսյանն Արհեստակցական կազմակերպության առաջարկության հիման վրա նոր հրաման է ստորագրել։
«Հովհաննես Հովհաննիսյանի 2021 թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։
Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն կամ ստորաբաժանման ղեկավարին»,-ասվում է գրառման մեջ։
Ըստ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած ԱՆ հրամանի, աշխատակիցները մինչև հոկտեմբերի 14-ը պետք է գործատուին ներկայացնեն կորոնավիրուսի առկայության բացասական թեստ, պատվաստման մասին հավաստագիր կամ տեղեկանք բացարձակ հակացուցման մասին։