«Ավրորա» համաշխարհային մարդասիրական 7-րդ մրցանակի առաջադրումների փուլն ավարտվել է: 2022-ի մրցանակի համար ստացվել է 633 առաջադրում 62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան և Ուկրաինա:
Առաջադրումները կուսումնասիրի փորձագետների խորհուրդը: Նրանք կկազմեն այն հավակնորդների վերջնացուցակը, որոնք դրսևորել են բացառիկ խիզախություն ու նվիրում և մեծ ազդեցություն են թողել՝ փրկելով մարդկանց:
Այնուհետեւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կդիտարկի հայտերը և կընտրի 2022 թ. «Ավրորայի» հերոսներին, ապա՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին:
«Ընտրող հանձնաժողովի իմ ընկերների հետ մենք միշտ բուռն քննարկում ենք ունենում «Ավրորայի» հերոսներին և, ի վերջո, դափնեկրին ընտրելիս՝ փորձելով տարբերակել գնահատանքի արժանի բարության, տոկունության և գթասրտության այդքան շատ օրինակները:
Ինչևէ, այդ գործընթացը նաև մեծագույն բավարարվածություն է պատճառում և մեծ առավելություն, որ կարող ես լույս սփռել անհավանական, մարդկանց կյանքը փոխող ջանքերի վրա»,- նշել է հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
2022-ի «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն գալիք ապրիլի 24-ին։
2022-ի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումների փուլը տևել է մինչև հոկտեմբերի 31-ը։ Յուրաքանչյուր ոք կարող էր առաջադրել թեկնածուներ, որոնք, իրենց կարծիքով, հաղթահարել են լուրջ մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար: